Մատչելիության հղումներ

Արցախցիների հանրահավաքից առաջ կազմակերպիչները հրավիրվել էին ոստիկանություն


Երևանի Ազատության հրապարակում այսօր տեղի ունեցավ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հրավիրած հանրահավաքը, որի ավարտին կազմակերպիչները որոշեցին նստացույց անել:

Հավաքից առաջ ահազանգեր կային, որ խորհրդի անդամներից ոմանց հրավիրել են ոստիկանություն, և ճնշումներ կան: Խորհրդի անդամները հաստատեցին, որ մի քանի հոգի հրավիրվել է ոստիկանություն, այնտեղ նրանց հորդորել են քայլերթ չանել ու վրան չտեղադրել, հակառակ դեպքում ուժ կկիրառվի.- «Խորհրդի անդամներից երեքին հրավիրել էին, այս պահին երեքս էլ դրսում ենք, ինչպես տեսնում եք, պետնախարարն էր, Ապրես Մարգարյանը և ես: Սահմանափակումների մասին ենք խոսել: Մենք աչալուրջ կլինենք, ու օրենքի սահմաններում ինչ նախատեսված է, դա ենք անելու», - պատմեց Սայիդա Պողոսյանը

Ազատության հրապարակում բազմաթիվ ոստիկաններ կային, հանրահավաքն արտոնված էր, բայց արտոնված չէր երթն ու նստացույցը:

«Արցախմիության» ղեկավար, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն ասաց՝ որևէ ապօրինի միջոց չեն պատրաստվում ձեռնարկել. - «Մենք մեր իրավունքները պաշտպանելու, մեր ձայնը բարձրացնելու համար իրավունք ունենք համապատասխան գործողություններ կատարել, այդ թվում՝ երթը, որի վերաբերյալ մենք իրենց ներկայացրել ենք, նաև երթուղին ենք ներկայացրել, պատրաստ ենք եղել նաև այլ երթուղու... համաձայնություն չկա, բայց դեռևս հույս ունենք, որ հանրահավաքի ընթացքում բանակցությունների ընթացքում կարող է որոշակի պլան փոխվել: Բայց կրկին՝ կազմակերպիչները պատրաստ են ամեն ինչ անել օրինականության շրջանակներում և ոստիկանության հետ պատշաճ համագործակցությամբ»:

Խորհուրդը նախորդ՝ գարնանը կայացած հանրահավաքի ժամանակ 12 կետանոց պահանջագիր էր ներկայացրել կառավարությանը, որոնք վերաբերում էին արցախահայերի վերադարձի իրավունքին, գերիների ազատ արձակմանն ու սոցիալական խնդիրիներին: Նույն այդ հարցերն այսօրվա հանրահավաքում նաև բարձրացվեցին:

Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանն ասաց՝ միայն սոցիալական հարցերում է մի փոքր տեղաշարժ եղել՝ նկատի ունենալով բնակարանային ծրագիրը, բայց այստեղ էլ բազմաթիվ դժգոհություններ կան: Մասնավորապես, փոքր ընտանիքները հատկացվելիք գումարով հնարավորություն չունեն տուն գնելու:

«Մեկ-երկու հոգուց բաղկացած ընտանիքը լավագույն դեպքում ստանալու է տասը միլիոն, լավագույն դեպքում վեց միլիոն դրամ: Հիմա ասեք, Հայաստանում այդ գումարով որտե՞ղ կարելի է տուն գնել: Ծրագիրը ունի բազմաթիվ խնդիրներ, որոնց մասին ևս մեկ անգամ պետք է բարձրաձայնենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG