Մատչելիության հղումներ

Փաստաբանն ահազանգում է՝ութ ամսական երեխան ՔՀ-ում հիվանդացել է, բժիշկ չկա


Անցած ուրբաթ կալանավորված երիտասարդ մոր՝ Լիանա Հարությունյանի 8-ամսական դուստրը քրեակատարողական հիմնարկի պայմանների հետևանքով հիվանդացել է, ահազանգում է փաստաբան Զարուհի Փոստանջյանը: Ըստ պաշտպանի՝ բանտում ոչ միայն համապատասխան մանկական սնունդ չկա, այլև խցում տարրական պայմաններ չկան մանկահասակ երեխայի խնամքն ապահովելու համար:

Փոստանջյանի խոսքով, երեխայի առողջական վիճակը գնահատելու համար ՔԿ-ում նաև մանկաբույժ չկա. բուժքույրն է միայն: Պաշտպանը պնդում է, որ անհրաժեշտ է երեխային մոր հետ բժշական կենտրոն տեղափոխել՝ բուժզննության համար:

Աբովյան ՔՀ-ից հերքում են փաստաբանի մեղադրանքները։ «Լիանա Հարությունյանին հատկացվել է երեխաների համար նախատեսված, պատշաճ որակի սնունդ՝ կարտոֆիլի խյուս, բանջարեղեն և կաթի փոշի»,-«Ազատությանը» փոխանցել է Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը, հավելելով, թե «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի մոր և մանկան համար նախատեսված բոլոր խցերը կապիտալ վերանորոգված են, ապահովված 24-ժամյա տաք և սառը ջրով և կահավորված նաև մանկական մահճակալներով»։

Քրեակատարողական հիմնարկից միաժամանակ տեղեկացրել են, որ նորածինը այս պահին երեխան հետազոտություն է անցնում քաղաքացիական բուժհաստատությունում։

3 անչափահասների, այդ թվում՝ 8 ամսական երեխայի մայրը երեք ամսվա կալանքի էր դատապարտվել անցած ուրբաթ՝ Շենգավիթի առաջին ատյանի դատավոր Արշակ Մաթևոսյանը որոշմամբ։ Նա մեղադրվում է Հնդկաստանի 16 քաղաքացիների ապօրինի միգրացիայի կազմակերպմանը օժանդակելու համար, մեղադրանքը չի ընդունում։ Գործով անցնող մյուս բոլոր մեղադրյալները գտնվում են ազատության մեջ։

Երիտասարդ կնոջ փաստաբանը պատրաստվում է վաղը բողոքարկել կալանքի որոշումը: Ընդդիմադիր պատգամավորները հայտարարել են, որ պատրաստ են մանկահասակ երեխաների մոր համար երաշխավորագիր տալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG