Մատչելիության հղումներ

Իսրայելի ու Սիրիայի դիվանագետները գաղտնի հանդիպում են ունեցել Բաքվում.The Times of Israel


Israel Syria Flags
Israel Syria Flags

Իսրայելական լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, պնդում են, թե դիվանագիտական հարաբերություններ չունեցող Սիրիայի և Իսրայելի պաշտոնյաները երեկ Բաքվում գաղտնի բանակցություններ են վարել՝ նախագահ Ահմեդ ալ-Շարաայի՝ Ադրբեջան կատարած այցի շրջանակներում։

Դիվանագիտական աղբյուրը, որը նախընտրել է անանուն մնալ, The Times of Israel-ին հայտնել է, թե Սիրիայի ժամանակավոր իշխանության առաջնորդ, նախագահ Շարաան այդ հանդիպմանն անձամբ չի մասնակցել։ Թե կոնկրետ ում միջև է եղել հանդիպումը՝ չի հստակեցվում, նշվում է միայն, որ բանակցությունների օրակարգում է եղել «Սիրիայում Իսրայելի ռազմական ներկայության հարցը՝ նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո»։

Անցած դեկտեմբերին, երբ Բաշար ալ-Ասադի երկարամյա կառավարումից հետո իշխանությունն անցավ նախկին իսլամիստ զինյալ Ահմադ ալ-Շարաային, Իսրայելը սկսեց հուժկու ավիահարվածներով թիրախավորել Սիրիայի ռազմաօդային ուժերը, նավատորմը, հակաօդային պաշտպանության և հրթիռային համակարգերը՝ պնդելով, թե Դամասկոսում իշխանության են եկել ջիհադիստները, որոնք կարող են նոր մարտահրավեր դառնալ պայթյունավտանգ տարածաշրջանում։ Իսրայելը նաև անցած ամիսներին Սիրիայից տարածքներ է օկուպացրել, ինչպես նաև իր վերահսկողության տակ առել երկու երկրների միջև գտնվող բուֆերային գոտին։

Իսրայելը նաև Վաշինգտոնին էր հորդորում «զգուշավոր» քաղաքականություն վարել Սիրիայի նկատմամբ։ Չնայած այս հորդորներին, սակայն, ԱՄՆ նախագահը շաբաթներ առաջ չեղարկեց Սիրիայի դեմ պատժամիջոցները։ Միաժամանակ, Դոնալդ Թրամփը կոչ էր արել ալ Շաարային կարգավորել հարաբերությունները Սիրիայի վաղեմի թշնամի Իսրայելի հետ՝ միանալով 2000-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված «Աբրահամի համաձայնագրերին»։

Թրամփի այդ հայտարարությունից մեկ ամիս անց ամերիկյան Axios պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել էր, թե Իսրայելի վարչապետ Նեթանյահուն համաձայնել է Սիրիայի նոր կառավարության հետ բանակցություններ սկսել՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Երկու իսրայելցի պաշտոնյաներ հայտնել էին, որ այս ընթացքում Նեթանյահուի կառավարությունը սկսել է համագործակցել ալ-Շարաայի կառավարության հետ՝ սկզբում անուղղակիորեն՝ երրորդ կողմերի միջոցով հաղորդագրություններ փոխանակելով, ապա դեմ առ դեմ՝ երրորդ երկրներում գաղտնի հանդիպումների միջոցով։

Մայիսին իսրայելական մամուլը, վկայակոչելով իր աղբյուրները, հաղորդել էր, թե կողմերի միջև առաջին հանդիպումը ևս տեղի է ունեցել Բաքվում, և որ բանակցություննեին մասնակցել են նաև Թուրքիայի ներկայացուցիչները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG