Մատչելիության հղումներ

Հին գործարանը՝ նոր կռվախնձոր


Սեյրան Սուրենյանը զրուցում է «Ազատության» հետ, Վանաձոր, 15-ը հուլիսի, 2025թ.
Սեյրան Սուրենյանը զրուցում է «Ազատության» հետ, Վանաձոր, 15-ը հուլիսի, 2025թ.

Վանաձորում խորհրդային ժամանակների «Տեխնոսարք» գործարանի ավերակները նոր կռվախնձոր են դարձել՝ ոչ թե պրոլետարիատի, այլ՝ սեփականատերերի միջև: Երեք սեփականատերերից մեկը՝ Արտուշ Բուդաղյանը, շինարարություն է սկսել նախկինում ճանապարհ հանդիսացած հատվածում, պարսպապատում է իր ունեցվածքը։ Սեյրան Սուրենյանը, որ հարևանությամբ դեռ 2000-ականներին է տարածքը գնել ու փայտամշակման բիզնես սկսել, բողոքում է՝ եթե հարևանը պարիսպ դնի իր ճանապարհին, մուտքը դեպի իր տարածք կփակվի, փայտամշակման բիզնեսը՝ կկանգնի:

«Որ ՄԱԿ-ի գրասենյակից մինչև գյուղսովետի մատյանները գրված ա ըտեղ՝ գործարանի՝ առաջվա «Տեխնոսարք» գործարանի ընդհանուր օգտագործման ճանապարհ, էդ ընդհանուր օգտագործման ճանապարհը լուծարման կառավարիչ, չեմ հիշում անուն-ազգանունը, վաճառել ա իրանց վրա», - «Ազատությանը» պատմեց Սուրենյանը:

Խորհրդային Միության փլուզումից հետո գործարանը գնած «Շափյուղա» ընկերությունը 2018-ին սնանկացել է՝ դատարանի վճռով։ Հենց այդ ժամանակ էլ սնանկության կառավարիչն այսօրվա վիճելի ճանապարհը գործարանի կիսաքանդ շենքերի հետ վաճառել է Բուդաղյանին: Բայց կողքի տարածքի սեփականատեր Սուրենյանը փաստի առաջ է կանգնել, երբ իր փայտամշակման արտադրամաս տանող ճանապարհին նոր հարևանը սյուներ է տեղադրել՝ պարիսպ կառուցելու համար։

«7.5 մետր կոչվում ա աբսլուժիվայուշչի (սպասարկող՝ ռուս.- խմբ.) տարածք, 11.7 մետր՝ փողոց: Փողոցը ո՞նց են վաճառել», - ընդգծեց Սուրենյանը:

Նա իր իրավունքներից է խոսում։ Պնդում է՝ օգտվում է ընդհանուր օգտագործման ճանապարհից, որը ենթակա չէր սեփականաշնորհման։ Վաճառքն ապօրինի է համարում. - «Սեփականացրել են, քիչ ա ըլո՞ւմ, որ սեփականացնում են, ու դա ապօրինի ա սեփականացվում, ապօրինի են վաճառել: Շատ դեպքեր կան»:

Սուրենյանի նոր հարևանը հրաժարվեց հարցազրույցից։ Բուդաղյանը միայն ասաց, որ պարիսպը կառուցում է գազաբալոնների փորձակմամբ զբաղվող իր բիզնես տարածքն ավելի անվտանգ դարձնելու համար: Նշեց, թե տարածքը գործարանային է, օրինական կարգով է գնել։ Ըստ նրա՝ այդ վիճելի համարվող ճանապարհն էլ ընդամենը ժամանակին գործարանին է սպասարկել, փողոց չէ։ Մատնանշեց՝ հարևանն իր տարածք մտնելու այլընտրանքային դարպաս ունի, կարող է դրանից օգտվել։

Բայց Սուրենյանը համաձայն չէ, ասում է՝ դարպասն ընդամենը իր այգի է տանում, իսկ այգուց դեպի արտադրամաս տանող ճանապարհ չկա, դեռ խորհրդային տարիներին կառուցված պատով առանձնացված է: Ավտոմեքենայի մուտք ունենալու համար պետք է պատն ու հարակից տաղավարը քանդի, չի ուզում. - «Պատերը քանդեմ ես, ասեմ՝ ինձ հմար ճանապարհ եմ դնում, հա՞: Կապիտալ պատ ա, զավոդի դրած կապիտալ պատ ա: Էդ լավ ա ինձ ցուցում են տալիս, թե ես ըսօր հաց ուտե՞մ, թե՞ չէ, հա՞»:

2019-ից դատարանը քննում է սեփականատերերի վեճը։ Վեց տարի է անցել՝ առանց վերջնական վճռի։ Այժմ դատաքննությունը հասել է փորձաքննություններին։ Ավելի քան մեկ տարի առաջ Սուրենյանը միջնորդել է քարտեզագրական, կադաստրային տվյալների հիման վրա պարզել՝ առկա՞ են ընդհանուր փողոցներ կամ ճանապարհներ։ Դատարանը փորձագետներին պատվիրել է ներկայացնել չափագրության արդյունքները։

Մինչ կլինեն փորձագիտական եզրակացությունները, դատական գործը կասեցվել է։ Դատարանը որոշել է մինչև գործի ավարտվելը վիճելի տարածքում շինարարությունն արգելել։ Բայց հայցվոր Սուրենյանը պնդում է՝ հարևանը չի սպասում դատարանի որոշմանն ու նոր աշխատանքներ է անում։

«Թող դատական պրոցեսը վերջացներ, դատարանը ինձ ասեր՝ մեր դատարանը, Հայաստանի դատարանը, թող ինձ ասեր՝ «Սուրենյան Սեյրան, դու իրավունք չունես էս ճանապարհով գնալու, դու իրավունք չունես Հայաստանում ապրելու, եթե ի վիճակի ես վերտալյոտ (ուղղաթիռ՝ ռուս. - խմբ.) առնելու՝ առ, թե չէ՝ գնա Հայաստանից», ես կգնայի, մեռնեմ օրենքի զորությանը», - ասաց 64-ամյա վանաձորցին:

Սուրենյանը տարածքում ընդլայնում է ընտանեկան բիզնեսը։ Փայտամշակման ժամանակակից սարքավորումներ է բերել, կողքի սենյակներում էլ սնկի աճեցման նոր գործ սկսել, բայց անհանգիստ է՝ մինչ փորձագետներն ու դատարանը որոշումներ կկայացնեն, իր բիզնես տարածք տանող ճանապարհը չփակվի ու հին գործարանի ավերակների վրա կառուցվող նոր պատմությունը հանկարծ տխուր ավարտ չունենա:

«Ես ստիպված եմ [լինելու] վաճառելու, ոչ թե քանդելու, ես քանդող տղա չեմ», - հայտարարեց Սեյրան Սուրենյանը:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG