Մատչելիության հղումներ

Ծաղկեգործները շարունակում են բողոքել. «Մինչև ստուգեն, քննարկեն, միլիոնների ծաղիկներ կկորցնենք»

Լրացված

Զվարթնոցի ծաղկեգործների երեկվա բողոքի ակցիան Երևան-Արմավիր մայրուղում
Զվարթնոցի ծաղկեգործների երեկվա բողոքի ակցիան Երևան-Արմավիր մայրուղում

Արմավիրի մարզի Զվարթնոց համայնքի ծաղկեգործները օրեր շարունակ բողոքի ակցիաներ են անում ու դժգոհում՝ տոննաներով ծաղիկները կուտակվել են, ոչ Հայաստանում է վաճառվում, ոչ էլ՝ արտահանվում։

Ասում են՝ ծաղիկը պետք է կոկոն լինի, որ արտահանվի, բայց իրենցն արդեն ծաղկել է, ու Հայաստանն արգելել է սահմանից դուրս բերել և Ռուսաստան հասցնել իրենց ապրանքը. - «Մենք էսօր արդեն ծաղիկ ենք թափում»:

Դեռ նախորդ ամիս էր ռուսական «Ռոսսելխոզնադզոր»-ը զգուշացրել, որ Հայաստանից վարակված ծաղիկներ են մուտք գործել իրենց երկիր, ու եթե դա կրկնվի, ներմուծումը կարգելեն։

Բողոքի ակցիայի մասնակիցներից Արտակ Խաչատրյանն ասում է՝ թող Հայաստանը թույլ տա դուրս բերել իրենց բեռը, եթե Ռուսաստանում պարզեն, որ ծաղիկները վարակված են, հենց այնտեղ էլ կվերացնեն:

«Ասում եմ՝ ո՞նց ենք անում, ես էսօր կարում ե՞մ իմ ծաղիկը վերցնեմ գամ, ֆիտոսանիտարնի էդ ծառայությունից թուղթ տա, ուղարկեմ, ոնց որ ուղարկել եմ նախկինում, թող էնտեղ տեսնեն, ասեն՝ «վառում ենք», - ընդգծեց Խաչատրյանը:

Երեկ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) պաշտոնյան էր հանդիպման գնացել ակցիայի մասնակիցներին, այսօր էլ տեսչական մարմնի ղեկավարի գլխավորությամբ հանդիպում էր նշանակվել տնտեսվարողների հետ: Որոշ ջերմոցատերեր ու ծաղկեգործներ հանդիպումից գոհ էին, իսկ Զվարթնոց համայնքի ծաղկեգործների խնդիրները ՍԱՏՄ ղեկավարին ներկայացրած Արտակ Թովմասյանն ասաց՝ պաշտոնյաների պատասխաններն իրենց չեն գոհացրել:

ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը, ներկայացնելով իրավիճակն, ասաց՝ ռուսական կողմը երեք հիմնական խնդիր է դրել Հայաստանի առջև: Առաջինը՝ կասկածներ ունեն, որ Հայաստանում չկա այդքան ջերմային տնտեսություն, բայց ծաղիկների ներմուծման թվերն ամեն տարի աճում են, ենթադրում են, որ դրանք երրորդ երկրից բերվող ծաղիկներ են, որոնք առանց հստակ ծագումնաբանության՝ Հայաստանի անվան տակ, մտնում են իրենց շուկա: ՍԱՏՄ-ից ասացին՝ տեսազանգերով ներկայացրել են Հայաստանի ջերմոցային տնտեսությունների հզորությունները:

Հաջորդը, ըստ ՍԱՏՄ ղեկավարի, ռուսական կողմի պահանջն է, որ վարակված ծաղիկներ Հայաստանից այլևս չմտնեն իրենց երկիր, որոշել են անձամբ գալ ու ջերմոցները ստուգել, ՍԱՏՄ-ից էլ առաջարկել են՝ ստուգումներն իրենք արագացված կարգով սկսեն, մինչև ռուս գործընկերները կհասնեն:

Իսկ երրորդ խնդիրը, Տիգրան Պետրոսյանի փոխանցմամբ, հետևյալն է. ըստ ռուսական կողմի՝ Հայաստանից ծաղիկ արտահանողներն աշխատել են ՌԴ-ում ժամանակավոր բացված մի ֆեյք ընկերության հետ, ծաղիկները մտել են Ռուսաստան, վաճառվել, բայց հետագիծը կորել է, և հարկային պարտավորությունները չեն կատարվել:

«Քանի որ իրեք չեն կարողանում իրենց տարածքում, ոնց որ ասած, հստակ էդ հետագծելիությունը գտնեն, ու գնում կորում են ժողովուրդը, մենք եկանք էս տարբերակի, որ մենք տալու ենք, մինչև փակված ֆիտոսանիտարական սերտիֆիկատը չլինի, նորը նույն կազմակերպությանը չի տրվելու», - ասաց ՍԱՏՄ ղեկավարը:

Պետրոսյանի խոսքով՝ 78 հայ ջերմոցատերեր ծաղիկ են վաճառել այդ ֆեյք ընկերությանը: Զվարթնոցի ծաղկեգործների խնդիրներն այսօր ՍԱՏՄ ղեկավարին փոխանցած Արտակ Թովմասյանն ասաց՝ ինքը ծաղիկ աճեցնող է, երբեմն էլ արտահանում է, բայց ի՞նչ գիտի՝ այնտեղ իրենից գնողն ո՞վ է. - «Ես շուկայում վաճառում եմ, ինչ-որ մեկը գալիս ա, տեսնում ա՝ իմ որակը համապատասխանում ա, գինը համապատասխանում ա, ինքը առնում ա ու ուղարկում ա Ռուսաստան: Ես հմի ո՞նց կարամ պատասխանեմ՝ ինքը ֆեյք ընկերությունով ա տանո՞ւմ, թե՞ որ»:

ՍԱՏՄ ղեկավարը ծաղկեգործներին ու լրագրողներին առանձին ընդունեց՝ պայմանով, որ ուղիղ եթեր չլինի: Արդեն հանդիպումից հետո, երբ Արտակ Թովմասյանը նեղսրտած էր, թե իրենցից ջերմոցների հասցեներ են ուզում, բայց շատերը չունեն այդ հասցեն, որովհետև դրանք հիմնելիս այդպիսի պահանջներ չեն դրվել, իսկ հիմա որոշ ստանդարտներ են սահմանել, ՍԱՏՄ ղեկավարի խոսնակը միջամտեց, հիշեցրեց, որ ՍԱՏՄ ղեկավարը լրագրողների հետ զրույցում ընդգծել է՝ միակ պահանջն առողջ ծաղիկ աճեցնելն է: Խոսնակը հարցրեց՝ «ինչո՞ւ ձեր հասցեն չեք ասում, որ ՍԱՏՄ աշխաատկիցները գան ստուգեն, հետո հաստատեն, որ առողջ են ծաղիկները, ու կարողանաք արտահանել»:

«Ինչ են արտադրում, քանի հեկտար է, իրենց անուն-ազգանուններով, հեռախոահամարներով, որպեսզի կարողանանք կապ ապահովել և զգուշացնել, որ իրենց մոտ գնում ենք: Հիմա ասեք՝ պարոն Թովմասյանի մոտ ինչպե՞ս պիտի գնանք», - նշեց Անուշ Հարությունյանը:

«Իմ սեփականաշնորհման վկայականի մեջ գրած ա՝ «Սեփականատեր Թովմասյան Արտակ, ԳԳՏ»: Հիմա ես ձեզ որ հասցեն տալիս եմ, դուք կարողանալո՞ւ եք գտնեք ինձ: Ջերմոցը չունի թուղթ, կառուցել եմ 2017 թվականին: Այն ջերմոցները, որ ոչ մի ձև թղթաբանորեն չի երևում Հայաստանի Հանրապետության կադաստրում, նրանց վիճակը ի՞նչ ա լինելու: Դուք ասում եք՝ «հասցե տվեք», - ընդգծեց Թովմասյանը:

ՍԱՏՄ-ից հեռացած Արտակ Թովմասյանը երեկոյան հարցերի պատասխանները փոխանցեց իր համագյուղացիներին: Նրանք դեռ դժգոհ են ՍԱՏՄ ղեկավարի պատասխանից և ի նշան բողոքի ծաղիկները նետեցին մայրուղի: Ասում են՝ մինչև ստուգեն, քննարկեն, իրենք միլիոնների ծաղիկներ կկորցնեն. - «Ինչքանը վաճառվում ա, վաճառում ենք, ինչքան չէ՝ թափում ենք»:

«Ռոսսելխոզնադզոր»-ի պաշտոնական հայտարարության համաձայն՝ երեկ այս կառույցի ղեկավարը տեսակոնֆերանսով զրուցել է Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հետ: Ռուսական կողմը, որպես սանիտարական անվտանգության պահպանման միջոցառում, հունիսի 27-ից միայն այն արտադրամասերից և ջերմոցներից է արտահանման թույլտվություն տալիս, որոնք երաշխավորում են ծաղիկների ամբողջական հետևելիություն՝ աճեցումից սկսած մինչև առաքում։

Համատեղ տեսչական այցերից և ստուգումներից հետո, Ռուսաստանն առայժմ միայն 9 հայ արտադրողների ծաղիկներ է ընդունում: Հայաստանում մոտ 700 ծաղկի ջերմոց կա, խոշոր արտահանողները 12-ն են:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG