ԱԱԾ մեկուսարանում շուրջ մեկ ամիս գտնվող Սամվել Կարապետյանն այսօր հայտարարեց նոր քաղաքական ուժի ստեղծման մեկնարկի մասին:
Մեկուսարանից արված իր հայտարարության մեջ «Տաշիր գրուպ»-ի սեփականատերը հատուկ ընդգծում է՝ հարգելով մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերին, իր քաղաքական ուժը ձևավորում է նոր թիմով և իրենց պատկերացումներով:
Թե ովքե՞ր են լինելու այդ նոր թիմի անդամները, պարզ չէ: Միլիարդատեր գործարարն առանց փակագծեր բացելու միայն նշում է, որ իր կողմից ստեղծվող այդ ուժը պատրաստ է համագործակցել համախոհների հետ:
«Մեծ հարգանքով եմ վերաբերվում մինչ օրս Նիկոլ Փաշինյանի հակազգային իշխանության քաղաքականության դեմ իրական պայքար մղած քաղաքական ուժերին և գործիչներին։ Բայց մենք Հայաստանի համար լավ ապագա կառուցելու մեր պատկերացումն ունենք։ Ու գնալու ենք մեր ճանապարհով, մեր նոր թիմով՝ չբացառելով ներքաղաքական համագործակցությունը համախոհների հետ», - նշել է նա:
Սամվել Կարապետյանը նաև մատնանշում է, թե նոր թիմով ինչ նպատակաների շուրջ է փորձելու համախմբել ժողովրդին: Բարձրաձայնելով սևերի և սպիտակներ բաժանմանը, հասարակության պառակտմանը վերջ դնելու ու ներքին համերաշխությունը վերականգնելու մտադրության մասին, գործարարն, ինչպես նախորդ հայտարարություններից մեկում, այս անգամ էլ հստակ ուղերձ է հղել իշխանության ներսում գտնվողներին, նշելով, որ այնտեղ էլ կան պարկեշտ ու արհեստավարաժ մարդիկ:
«Մերժելու ենք սև-սպիտակի և արհեստական մյուս բաժանումները, որպիսիք այս իշխանությունները փաթաթել են հասարակության վզին՝ պառակտելով ու թուլացնելով մեր երկիրը։ Նույնիսկ այսօրվա վարչակարգի տարբեր օղակներում աշխատում են իսկական պրոֆեսիոնալներ, որոնք չեն կիսում փոքրիկ խմբակի արժեքները, սակայն դեռ չեն տեսնում այն ճանապարհը, որը ելք կհամարեին ստեղծված իրավիճակից։ Մեր քաղաքական թիմի ձևավորումը մեկնարկել է։
Անելո՛ւ ենք՝ մեր ձևով», - ընդգծել է Կարապետյանը։
«Տաշիր Գրուպ»-ի սեփականատերը քաղաքական նոր ուժ ստեղծելու մտադրության մասին հայտարարեց հուլիսի 4-ին, 10-ն օր անց արդեն հայտարարեց նոր թիմի ձևավորման աշխատանքների մասին: Ո՞վ է ղեկավարելու այդ ուժը, արդյոք Սամվել Կարապետյանն ինքը մեկուսարանից կիրականացնի՞ կուսակցության նախագահի լիազորությունները, թե՞ այն կվերապահվի մեկ ուրիշին, առայժմ պարզ չէ: Սակայն դիրքավորվելով իբրև նոր թիմով՝ նոր ուժ, Կարապետյանը հատուկ ուղերձ է հղում ընդդիմադիրներին՝ պատրաստ է համագործակցել համախոհների հետ:
Ո՞ր ուժերն են Սամվել Կարապետյանին իրենց համախոհ համարում
«Ազատության» հարցին՝ Սամվել Կարապետյանին ձեզ համախոհ համարո՞ւմ եք, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը պատասխանեց. - «Այո, որովհետև ինքը հստակեցրել է, որ իր առաջնային նպատակն իշխանափոխությունն է»:
3 -րդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետականի» անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հստակեցնում է՝ բոլոր այն ուժերը, որոնք իշխանափոխությունը համարում են առաջնային նպատակ, «Հանրապետականը» նրանց համարում է համախոհ: Իսկ Սամվել Կարապետյանի առ այսօր արված բոլոր հայտարարություններից, ըստ Մամիջանյանի, հետևում է, որ նրա առաջնային նպատակը հենց իշխանափոխություն է:
Իսկ արդյոք կալանավորված գործարարի և Սերժ Սարգսյանի թիմերի միջև կա՞ն շփումներ: Հանրապետական պատգամավորը ոչ հերքում և ոչ էլ հաստատում է. - «Ես սովորություն չունեմ աշխատանքային շփումների մասին հրապարակայնացնել»:
Արդյոք «Հանրապետականում» համաձա՞յն են Սամվել Կարապետյանի այն մոտեցման հետ, որ պետք է բացառել սևերի և սպիտակների բաժանումը և որ իշխանության ներսում էլ կան անձինք, որոնց հետ հնարավոր է համագործակցել «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հիշեցնում է, դեռևս այս տարվա ապրիլին «Հանրապետականի» 35-ամյակին նվիրված նիստում նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց իշխանափոխությունից հետո իրականացվելիք 3 հիմնական անելիքների մասին, որոնցից առաջինը հենց համերաշխության մթնոլորտի ձևավորումն ու հասարակության մեջ բաժանարար գծերի վերացումն է: