Մատչելիության հղումներ

Փաշինյանը բացահայտեց մոդելը, որով վեհափառին հանելու է Վեհարանից


Հայաստանի վարչապետն այսօր ի վերջո բացահայտեց այն մոդելը, որով վեհափառին հանելու է Վեհարանից. - «էնպես, ինչպես Հայաստանն ազատեցինք Սերժ Սարգսյանից»:

Միայն մի տարբերություն կա, այս մի հեղափոխության շարքերում չեն կարող լինել բոլոր քաղաքացիները, այլ միայն աղոթողներն ու Հիսուսին հավատացողները:

Նիկոլ Փաշինյանը թավշյա հեղափոխությունը գլուխ բերեց 23 օրում, հակակաթողիկոսական արշավի 48-րդ օրն է, առայժմ վեհարանի ազատագրումը գլխավորող Փաշինյանը հաջողություն չունի: Վեհափառը Մայր Աթոռում է, նրա դեմ որևէ գործող հոգևորական առայժմ հանդես չի եկել: Բայց հակակաթողիկոսական արշավի առաջնորդը վստահ է՝ հավատացյալներն են իր հետ:

Նիկոլի Փաշինյանի տրամաբանությունը սա է՝ ինքը կանխում է եկեղեցու կործանարար ընթացքը, հանուն եկեղեցու է նախաձեռնել այս ամենը, ուրեմն ինչո՞ւ չպիտի իրեն միանան բոլոր հավատավորները: Բացի նրանից, որ ըստ Փաշինյանի՝ վեհափառը կուսակրոնության ուխտն է խախտել ու զավակ ունի, մի խնդիր էլ է առաջանում: Ըստ եկեղեցական կանոնագրքի՝ Մայր Աթոռի ունեցվածքի տերը վեհափառն է, ուրեմն՝ «այն փաստով, որ կաթողիկոս համարվող անձը ունի զավակ, եկեղեցու ամբողջ ունեցվածքը փաստորեն այդ զավակի ժառանգությունն է»։

Սա պիտի կանխել, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, որ ասուլիսի 4,5 ժամերի ընթացքում պարբերաբար վարչապետից վերածվում էր հայ առաքելական եկեղեցու ջերմեռանդ հավատացյալի։ Ասաց՝ միայն որպես հոգևոր կյանք ունեցող մարդ է սկսել այս արշավը, ուղղակի համընկել է, որ նաև վարչապետ է:

Փաշինյանը հավաստիացրեց՝ որևէ խորհրդատու չունի Աստծո հետ հաղորդակցվում է հիմնականում առանց միջնորդների: Պնդեց՝ ամենայն հայոց կաթողիկոսը Աստծուն չի հավատում, Գարեգին երկրորդի հետ շփվելու փորձ ունեցել է, ոչ մի հոգևոր թեմա:

Նա լրագրողների տասնյակ հարցերին ի պատասխան հասցրեց երկու սաղմոս անգիր ասել:

Փաշինյանին ու նրա հակակաթողիկոսական արշավում ակտիվ թիմակիցներին նզովելու, անիծելու մասին Մայր Աթոռի որոշ միաբաններ էին անձնական գրառումներ արել:

«Ես կարող եմ իրենց նզովել, բայց չեմ նզովում, քրիստոնեությունը սիրո ուսմունք է», - նշեց Փաշինյանը:

Նզո՞վքն էր, վերջերս վարչապետի ձախ ոտքն է ցավացել. - «Ոնց հետազոտեցին, ասացին բժշկական ոչ մի պատճառ չկա, ըստ ամենայնի չոռ է կպել»: Թեման փակեց սաղմոսով:

Եկեղեցու վերաբերյալ հարցերը շատ էին, դրանց սաղմոսներով պատասխանելու ցանկությունը նույնպես:

Հուլիսի 1-ից վատ բառապաշարը դադարեցրած Նիկոլ Փաշինյանն այսօր շատ կարճ ժամանակով ընդհատեց իր իսկ սահմանած պայմանը, երբ խոսք գնաց իշխանական առաջին աթոռը զբաղեցնող դեմքի՝ իր հայհոյախոսության մասին:

Կոշտ բառապաշարից բացի, ասաց՝ գործի կդնի նաև հոգևոր չագուչը, իսկ լեգիտիմ վեղարի առջև պատրաստ է խոնարհվել: Հետո վերադարձավ խոնարհ հավատացյալի կերպարին:

Վեհարանի ազատագրման շարժումն, ըստ Փաշյինյանի, աղոթքով սիրով սաղմոսով ու հոգևոր մուրճով շարունակելու այսօրվա պնդումներին ի պատասխան Գուգարքի թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանն ասաց՝ Վեհարանում Փաշինյանի խմբին կդիմավորեն հայ հավատացյալների պողպատե բռունցքները:

Հովնան սրբազանի կարծիքով՝ այս ամբողջ արշավով Փաշինյանը մեծացնում է իր հանցագործությունների տրցակը, այժմ էլ բառացիորեն Աստծո անունից է հանդես գալիս:

Մայր Աթոռը վարչապետի այսօրվա հայտարարություններին պաշտոնապես չի արձագանքել, Ամենայն հայոց կաթողիկոսը Էջմիածնում Միացյալ Նահանգներից կամավորության եկած երիտասարդների է ընդունել, ըստ Մայր Աթոռի տարածած հաղորդագրության, նրանց բաշխել իր հայրական օրհնությունը:





XS
SM
MD
LG