ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ եթե Ռուսաստանը 50 օրվա ընթացքում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համաձայնության չհասնի, ապա Վաշինգտոնը Մոսկվայի և նրա առևտրային գործընկերների նկատմամբ «շատ խիստ» մաքսատուրքեր կսահմանի: Սպիտակ տան Օվալաձև սենյակում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպմանը ԱՄՆ նախագահը հստակեցրել է՝ ընդհուպ 100 տոկոս մաքսյին դրույքաչափ:
Սպիտակ տան ղեկավարի կարծիքով՝ առևտուրը կարող է լավ գործիք լինել պատերազմները դադարեցնելու հարցում:
Ըստ ԱՄՆ նախագահի՝ Վաշինգտոնը և դաշնակիցները համաձայնության են եկել Ուկրաինա զենք ուղարկելու հարցում: «Մենք կարտադրենք զենք, բայց նրանք [ՆԱՏՕ-ի եվրոպական անդամ պետությունները] կվճարեն դրա համար, այլ ոչ թե մենք», - ասել է Թրամփը` չհստակեցնելով, սակայն, թե ինչ զենքի մասին է խոսքը։