Ուղիղ երկու ամիս առաջ առանց որևէ հստակ բացատրության Վաղարշապատի քաղաքապետի պաշտոնից հեռացած ՔՊ-ական Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել, տեղեկությունը հայտնում են «Ազատության» աղբյուրները: Գործը քննող Հակակոռուպցիոն կոմիտեն դեռ չի մեկնաբանում: Թե ինչ հոդվածով կամ հոդվածներով է մեղադրանքն առաջադրվել, նույնպես մինչ այս պահը հստակ չէ: Նախկին քաղաքապետի հետ կապ հաստատել չի հաջողվել: Գասպարյանը չի արձագանքում ո՛չ զանգերին, ո՛չ հաղորդագրությանը:
37-ամյա Գասպարյանը, որի ընտանիքի անդամները նրա պաշտոնավարման ընթացքում տարբեր աղմկահարույց պատմությունների մեջ են հայտնվել, պաշտոնը լքելու մասին որոշումը հիմնավորել էր ժամանակն ընտանիքին նվիրելու ցանկությամբ: Այն ժամանակ իշխող «Քաղաքացիական պայմանագրից» ևս ուղիղ չէին խոսել իրենց թիմակցի հեռանալու իրական պատճառներից՝ չհերքելով, որ Գասպարյանի հրաժարականը կապ ունի նրա ընտանիքին առնչվող կոռուպցիոն պատմությունների հետ:
«Տրամաբանական ա ձեր հարցը և բնական ա, և էդ հարցադրումը կա բնության մեջ, և պետք ա էդ հարցադրման պատասխան տրվի, որովհետև հարցադրումներին պատասխաններ տրվում են: Եվ, էլի եմ կրկնում, եթե որևէ մեկի հետ կապված կոռուպցիոն որևէ պատմություն լինի՝ իր համապատասխան իրավական հիմնավորումներով, դրա մասին բոլորը կիմանան, վստահաբար», - հայտարարել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Ամիսներ առաջ «Ազատություն»-ը պարզել էր, որ Դիանա Գասպարյանը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել իր սկեսրայրի հետ՝ սեղմված բնական գազ ձեռք բերելու համար: Հրապարակումից հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ էր հարուցել Գասպարյանի կողմից ենթադրյալ շահերի բախման փաստի առթիվ:
Ավելի վաղ համայնքապետի ամուսնու ծնողները հայտնվել էին Վաղարշապատում ապօրինի շինարարություն իրականացնելու սկանդալի կենտրոնում, սրա վերաբերյալ էլ քրեական գործ կա հարուցված: Ավելի քան մեկ տարի առաջ հարուցված այս գործով դեռ մայիսին որևէ մեղադրյալ չկար: Արդյոք այս գործով է նախկին քաղաքապետին մեղադրանք առաջադրվել, հայտնի չէ:
ՔՊ-ական համայնքապետի ընտանիքին առնչվող վերջին պատմությունն էլ, որ ողբերգական ավարտ ունեցավ, Գասպարյանի սկեսրայրին պատկանող գազալցակայանի տարածքում տեղի ունեցած սպանությունն էր: Ըստ «Հետք»-ի՝ սպանվածը մի քանի ամիս առաջ վիճել էր Դիանա Գասպարյանի ամուսնու՝ Վաղարշապատի ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի հետ:
Այս գործի վերաբերյալ երեկ Քննչական կոմիտեն մանրամասներ հայտնեց՝ պնդելով, որ սպանությունից հետո գազալցակայանի երկու աշխատակից պարտակել են հանցագործությունը:
«Մարզում գործող գազալցակայանի հերթափոխի պետը սպանություն կատարած անձի բացահայտմանը խոչընդոտելու նպատակով՝ գազալիցքավորողին հրահանգել է ջրով լվանալ գազալցակայանի տարածքում թափված արյան հետքերը, հավաքել և զուգարանակոնքը նետել կրակոցների արդյունքում տարածքում թափված կրակված պարկուճները, այնուհետև կրկին լվանալ արյան հետքերը՝ այդ կերպ կազմակերպելով և ղեկավարելով գազալիցքավորողի կողմից Կ.Բ.-ի կատարած հանցագործությունների պարտակումը», - ասված էր հաղորդագրությունում:
Քննչականի փոխանցմամբ՝ գազալցակայանի հերթափոխի պետին մեղադրանք է առաջադրվել հանցանք կատարած անձին աջակցելու, կազմակերպելու համար, իսկ գազալիցքավորողին՝ հանցանք կատարած անձին աջակցելու հոդվածով: Արդյոք նրանք գործել են Դիանա Գասպարյանի սկեսրայրի կամ ամուսնու հրահանգով, թե՞ վերջիններս անտեղյակ են եղել իրենց գազալցակայանում տեղի ունեցածից, ՔՊ-ական Դիանա Գասպարյանից այս հարցերի պատասխանը ստանալ դեռ չի հաջողվել:
Արդյոք Գասպարյանի ընտանիքի շուրջ այս պատմություններն են ամիսներ առաջ պատճառ դարձել, որ նա հեռանա պաշտոնից. ՔՊ-ից պատգամավոր Հասմիկ Հակոբյանն այսօր պնդեց՝ հրաժարականի մասին նախկին քաղաքապետի պարզաբանումներին ավելացնելու ոչինչ չունեն: Իսկ իրենց թիմակցի ընտանիքի շուրջ աղմկոտ պատմությունները, ասաց, չի նշանակում, որ այդ ամենի համար պատասխանատու է նաև Դիանա Գասպարյանը:
«Գիտե՞ք, հանցագործությունը հանցագործություն է, ի՞նչ կապ ունի՝ ում ձեռամբ է արվել, ում սկեսրայրն է, ում հայրն է, ում հարևանն է, կապ չունի էդ ամեն ինչը: Եվ բոլոր այն մարդիկ, որոնք չեն ենթարկվում Հայաստանի ներքին օրենսդրությանը, պետք է պատասխանատվության ենթարկվեն, սրա մասին բացարձակ պետք էլ չի անգամ քննարկել այս ամեն ինչը: Բայց որքանո՞վ է դա ուղիղ կապված, ենթադրենք, Դիանա Գասպարյանի հետ՝ սա ևս, էլի, քննարկելու թեմա է առանձին, որովհետև կարող է մարդու ամենամտերիմ ընտանիքի անդամը լինել հանցագործ, դա չպետք է տարածվի իր ընտանիքի մյուս անդամների վրա», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց ՔՊ-ական պատգամավորը:
Հակոբյանի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը Գասպարյանին կուսակցությունից հեռացնելու հարց չի քննարկում:
Ի դեպ, վարչապետի որոշմամբ այսօր Վաղարշապատի համայնքապետի ժամանակով պաշտոնակատար է նշանակվել Արմավիրի մարզպետի պաշտոնից չորս օր առաջ ազատված ՔՊ-ական Արգիշտի Մեխակյանը: