«Մեր քաղաքական թիմի ձևավորումը մեկնարկել է». Սամվել Կարապետյան

«Մեր քաղաքական թիմի ձևավորումը մեկնարկել է», - հայտարարել է «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը։

«Մեծ հարգանքով եմ վերաբերվում մինչ օրս Նիկոլ Փաշինյանի հակազգային իշխանության քաղաքականության դեմ իրական պայքար մղած քաղաքական ուժերին և գործիչներին։ Բայց մենք Հայաստանի համար լավ ապագա կառուցելու մեր պատկերացումն ունենք։ Ու գնալու ենք մեր ճանապարհով, մեր նոր թիմով՝ չբացառելով ներքաղաքական համագործակցությունը համախոհների հետ», - նշված է հայտարարությունում։

Սամվել Կարապետյանն ընդգծել է. - «Նույնիսկ այսօրվա վարչակարգի տարբեր օղակներում աշխատում են իսկական պրոֆեսիոնալներ, որոնք չեն կիսում փոքրիկ խմբակի արժեքները, սակայն դեռ չեն տեսնում այն ճանապարհը, որը ելք կհամարեին ստեղծված իրավիճակից»։

Մայր Աթոռին պաշտպանող հայտարարությունից հետո ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը կալանավորվեց՝ իշխանությունը բռնությամբ զավթելու կոչի մեղադրանքով: Մեկուսարանից պարբերաբար ուղերձներ հղող «Տաշիր գրուպ»-ի սեփականատերը հուլիսի 4-ին նաև քաղաքական կոնկրետ գործընթաց նախաձեռնելու մասին խոսեց: Շեշտելով, որ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն այլևս անելիք չունեն Հայաստանում, Սամվել Կարապետյանը հայտարարեց նոր ուժ ձևավորելու և դրա շուրջ համախմբում ապահովելու մասին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը անելիք չունեն Հայաստանում». Սամվել Կարապետյան