«Բարձր ենք գնահատում բարեկամ Ֆրանսիայի շարունակական կարևոր աջակցությունը և Ձեր անձնական ջանքերը՝ միտված Հարավային Կովկասում արդար ու տևական խաղաղության հաստատմանը», - ընդգծել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային տոնի առթիվ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված ուղերձում:
«Գոհունակությամբ եմ ցանկանում ընդգծել, որ մեր երկու երկրների միջև փոխգործակցությունն այժմ ընդգրկում է այնպիսի կարևոր ոլորտներ, ինչպիսիք են կլիմայի փոփոխության դեմ պայքարը, կենսաբազմազանության պաշտպանությունն ու արհեստական բանականությունը։ Այս համատեքստում, ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ իր նպաստը բերելու համաշխարհային այս մարտահրավերներին դիմագրավելու ուղղությամբ գործադրվող ջանքերին», - նշել է Փաշինյանը։
«Պետական այցով այս տարի Հայաստանում Ձեզ հյուրընկալելու մեծ ակնկալիքով՝ ընդունեք, խնդրեմ, մեծարգո պարոն նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը», -եզրափակել է Հայաստանի վարչապետը: