Երեք անչափահասի մայր Լիանա Հարությունյանի փաստաբանը դիմել է ՄԻԵԴ

Անօրինական միգրացիան կազմակերպելուն օժանդակելու համար մեղադրվող Լիանա Հարությունյանի փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ նրա կալանքի որոշման վերաբերյալ հրատապ միջոց կիրառելու համար։

Զարուհի Փոստանջյանը երեք անչափահաս երեխաների մայր Հարությունյանի կալանավորման որոշումը բողոքարկել է նաև Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան ու Վերաքննիչ դատարաններում։

«Ես որպես Լիանա Հարությունյանի պաշտպան բողոքներ եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Լիանա Հարությունյանի և նրա ութ ամսական մանկահասակ դստեր կալանավորման որոշման դեմ։ Բողոքներում ընդգծել եմ, որ Լիանա Հարությունյանի և նրա մանկահասակ երեխայի կալանավորումը հակասում է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային փաստաթղթերով երաշխավորված մի շարք հիմնարար իրավունքների, այդ թվում՝ երեխայի լավագույն շահի սկզբունքի, խնամքի և կյանքի ու առողջության պահպանման իրավունքի», - Ֆեյսբուքում գրել է փաստաբանը։

Երեք անչափահաս երեխաների, այդ թվում՝ 8 ամսական փոքրիկի մայրը մեղադրվում է Հնդկաստանի 16 քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելուն օժանդակելու համար։ Նա կալանավորվել էր անցած ուրբաթ՝ մանկահասակ երեխայի հետ միասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կալանավորված կինը 8-ամսյա դստեր հետ բանտից տեղափոխվել է բժշկական կենտրոն