Մատչելիության հղումներ

Պետգույքի կառավարման կոմիտեն կրկեսը «Տաշիր»-ից պետությանը վերադարձնելու պահանջով դիմել է դատարան


Երևանի կրկեսի նոր շենքը, արխիվ
Երևանի կրկեսի նոր շենքը, արխիվ

Ե՞րբ կրկես կլինի կրկեսի շենքում՝ այս հարցի պատասխանը ավելի քան տասը տարի է փոփոխվում է: Պատմությունն այնքան ձգվեց, որ գործը հասավ դատարան: Ծաղրածուները, ակրոբատները, լարախաղացները հնարավոր է Ագաթանգեղոսի 1 հասցե վերադառնան ոչ թե որպես «Տաշիր» ընկերությանը պատկանող կրկեսի աշխատակիցներ, այլ՝ պետականացված հիմնարկի:

20 տարի առաջ Կառավարության որոշմամբ կրկեսը մասնավորեցվեց, ձեռք բերողը «Երևանյան կրկես» ընկերությունն էր, որի հիմնական մասը պատկանում էր «Տաշիր կապիտալ»-ին, տնօրենը Սամվել Կարապետյանի եղբորորդին է՝ Նարեկ Կարապետյանը: Ընկերությունը մի քիչ փող ծախսեց, բայց պարզվեց՝ շենքը սեյսմակայուն չէ, 2012-ին հիմնովին պայթեցրին ու սկսեցին զրոյից կառուցել: Պիտի ավարտեին 15 թվին, հետո՝ 21-ին, հետո՝ 23 ին:

«Պետք է ավարտած լիներ արդեն 2023 թվականի դեկտեմբերի 31-ին, և ըստ էության՝ 2024 թվականի հունվարի 1-ից կրկեսը գործեր», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի իրավական ապահովման և դատական ներկայացուցչության բաժնի պետ Գառնիկ Հովհաննիսյանը:

Եվ ահա հուլիսի 8 -ին Պետական գույքի կառավարման կոմիտեն հայց է ներկայացրել դատարան՝ գնորդը պարտավորությունները չի կատարում, գույքը պետք է վերադարձվի պետությանը: Պետգույքի կառավարման կոմիտեի իրավական ապահովման բաժնի պետը շեշտում է՝ գնորդը պարտավորվել էր ներդրումներ անել, աշխատատեղեր ստեղծել ու ի վերջո կրկեսային գործունեություն ծավալել: Կրկեսի տեղում նոր, ավելի մեծ կրկեսի շենք կա՝ դա երևում է անզեն աչքով:

«6 միլիարդի ներդրումը կատարվել է, բայց մնացած պարտավորությունները չեն կատարվել, այսինքն՝ աշխատատեղեր չեն ստեղծվել, շինարարական աշխատանքները չեն ավարտվել, և կրկեսային գործունեություն, ըստ էության, արդեն չի ծավալվում», - ասաց Հովհաննիսյանը:

Կրկեսի նոր շենքի ներսում նկարահանումներ թույլ չտվին, արտաքուստ աշխատանքային եռուզեռի տպավորություն էր, շինանյութով մեքենաներ էին մոտենում: Շուրջ մեկ տարի առաջ «Ազատության» նկարահանած կադրերում տեսնում ենք՝ աշխատանքներն ավարտական փուլում են, կրկեսի գեղարվեստական ղեկավարն էլ՝ հուսավառ. - «Կառուցվեց, կառուցվեց, հետո մեկ էլ սկսվեց պատերազմը, սկսվեց կովիդը, և այլն, և այլն: Բայց հիմա արդեն, ինչպես ռուսն է ասում՝ дальше некуда, արդեն կրկեսը շուտով, թե երբ, արդեն ես չեմ կարող ասել, ինչ ծրագրով՝ ես չեմ կարող ասել, որովհետև դա թող լինի անակնկալ ... », - հայտարարում էր Սոս Պետրոսյանը:

Այսօր, երբ արդեն հայտնի է շենքը պետականացնելու Կառավարության մտադրության մասին, «Տաշիր» ընկերությունների խմբի լրատվականից փոխանցեցին՝ Երևանի կրկեսի շենքում ընթանում են վերջին աշխատանքներ՝ բացման պաշտոնական արարողությանն ընդառաջ: Ամեն ինչ ընթանում է բնականոն հունով: Դատական հայցի մասին մեկնաբանություն ընկերությունը չունի:

Պետգույքի կառավարման կոմիտեի ներկայացուցիչը պնդում է՝ Կառավարությունը մինչև այս ընդառաջել է ընկերությանը, երկարաձգել ժամկետները, նույնիսկ՝ տուգանքները ներել. - «2023 թվականին վերջին որոշմամբ նույնիսկ էդ տուգանքն է ներվել: Այսինքն՝ ժամկետը կարող էր փոփոխվել բացառապես Կառավարության որոշման հիմքով: Ընդ որում՝ էդ սկզբի պայմանագրերը երբ որ կնքվել են, էդ պայմանագրերում բազմաթիվ փոփոխություններ են կատարվել՝ համաձայնագրեր կնքելու միջոցով»:

Ինչպե՞ս է, որ պետությունն ավելի քան տասը տարի ընդառաջել ու սպասել է, իսկ այժմ, երբ ընկերությունը 6 միլիարդի ներդրում է արել, անհամբեր են ու գույքը պետականացնելու գործընթաց են սկսել: Այն փուլում, երբ Սամվել Կարապետյանը իշխանությունը զավթելու հոդվածով բանտում է, ՀԷՑ-ի պետականացման պլանն՝ ընթացքում, «Տաշիր պիցցա»-ները տուգանվում-փակվում են: Կոմիտեի ներկայացուցիչը պնդում է՝ կրկեսի պետականացմամբ սկսել են զբաղվել ավելի վաղ, ոչ հիմա: Իսկ 6 միլիա՞րդը. - «Պայմանագրի լուծվելու դեպքում վճարված և ներդրված գումարները վերադարձման ենթակա չեն», - ասաց Գառնիկ Հովհաննիսյանը:

Դատական հայցը վարույթ դեռ չի ընդունվել, կոմիտեից ասում են՝ երկարատև իրավական գործընթաց է առջևում, գուցե «Տաշիր» ընկերությունը կրկեսը փոխանցելուց առաջ հասցնի բացել դրա դռները:

Ի դեպ՝ շինարարության ամբողջ ընթացքում ընկերությունից վստահեցնում էին՝ միջազգային չափորոշիչներով կառույց է, տարածաշրջանում՝ աննման, նվագախումբն՝ իր տեղով, չեխ մասնագետները պտտվող բեմ են հավաքել, միայն 24 սենյակ՝ որպես հանդերձարան, անելու շատ քիչ բան է մնացել՝ լույսերն ու աթոռները:


Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG