Այսօր Կիև է ժամանել Միացյալ Նահանգների նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը: Ամերիկացի պաշտոնյայի այցը տեղի է ունենում սպասումների ֆոնին, թե այսօր ինչ կարևոր հայտարարություն կանի Դոնալդ Թրամփը ուկրաինական հակամարտության վերաբերյալ, ինչի մասին ազդարարել էր անցած շաբաթ:
Քելլոգն արդեն հանդիպել է Ուկրաինայի նախագահի հետ: Հանդիպումից հետո Վլադիմիր Զելենսկին սոցցանցում գրել է, որ ամերիկացի պաշտոնյայի հետ զրույցը շատ կառուցողական է եղել, քննարկել են խաղաղության հասնելու ուղիները, նաև այն, թե ինչ գործնական քայլեր կարող են ձեռնարկել խաղաղությանն ավելի մոտենալու համար: Քննարկվել է նաև Ուկրաինայի պաշտպանության նպատակով Միացյալ Նահանգներից զենք գնելու հարցը:
«Դա ներառում է Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդումը, զենքի համատեղ արտադրությունն ու պաշտպանական զենքի ձեռքբերումը՝ Եվրոպայի հետ համագործակցությամբ: Եվ, իհարկե, պատժամիջոցներ Ռուսաստանի և նրան օգնողների դեմ», - գրել է Զելենսկին:
Ըստ Ուկրաինայի նախագահի գրասենյակի հաղորդագրության՝ անդրադարձ է եղել նաև առաջնագծում ընդհանուր իրավիճակին, ինչպես նաև ուկրաինացի զինվորների կարիքներին։
Երեկ էլ Զելենսկին հայտարարել էր, որ ուկրաինական զինուժը պատրաստվում է նոր հեռահար հարվածներ հասցնել հակառակորդին, և ամեն ինչ կանեն, որպեսզի ռազմական գործողությունները տեղափոխվեն Ռուսաստանի տարածք:
Մինչ այդ, Միացյալ Նահանգների նախագահը երեկ խոստացել էր, որ ԱՄՆ-ը ժամանակակից տարբեր զինատեսակներ կուղարկի Ուկրաինա, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության Patriot տեսակի հավելյալ համակարգեր, որոնց հստակ թիվը չէր նշել: Թրամփն ընդգծել էր, որ սպառազինության նոր խմբաքանակի համար ամբողջությամբ կվճարի Եվրոպական միությունը: Նա նաև քննադատել էր Ռուսաստանի նախագահին:
«Մենք ոչինչ չենք վճարում դրա համար, բայց ... կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքն ուկրաինացիները շատ ունեն, քանի որ Պուտինն իսկապես շատ զարմացրեց մարդկանց։ Նա գեղեցիկ խոսում է, իսկ հետո երեկոյան բոլորին ռմբակոծում է։ Այնպես որ, այստեղ մի փոքր խնդիր կա։ Ինձ դա դուր չի գալիս», - հայտարարել էր Թրամփը:
Գերմանիան հայտարարել է, որ Միացյալ Նահանգներից դրական ազդակներ են ստանում Patriot համակարգերի գնման շուրջը, և այս պահին բանակցություն է ընթանում երկուսից ավելի համակարգի շուրջ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԱՄՆ-ը Ուկրաինա կուղարկի լրացուցիչ Patriot-ներ. ԹրամփԱՄՆ-ը կշարունակի Ուկրաինային զենք տրամադրել՝ ՆԱՏՕ-ի միջոցով, Եվրոպան էլ է քայլեր ձեռնարկում Կիևին օգնելու համարԱմերիկյան Axios-ը իր աղբյուրներին հղումով գրում է, որ Թրամփն այսօր կհայտարարի Ուկրաինային զենք մատակարարելու նոր ծրագրի մասին, որը կներառի ոչ միայն հակաօդային համակարգեր, այլև հարձակողական զենք, որոնք թույլ կտան հարվածել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին, այդ թվում՝ Մոսկվային:
ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմն, իր հերթին, CBS-ի հետ զրույցում ասել է, որ առաջիկա օրերին ռեկորդային քանակի զենք կմատակարարվի Ուկրաինա, որպեսզի ուկրաինացիները կարողանան պաշտպանվել ռուսական ագրեսիայից:
«Պուտինի ամենամեծ սխալ հաշվարկներից մեկը Թրամփի հետ խաղեր խաղալն է, և առաջիկա օրերին ու շաբաթներին հսկայական ջանքեր կգործադրվեն Պուտինին բանակցային սեղանի շուրջ բերելու համար: Պուտինն իսկապես զայրացրել է Թրամփին։ Նրա հայտարարությունը շատ վճռական կլինի», - հայտարարել է սենատորը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թրամփ-Պուտին հեռախոսազրույցից օրեր անց Կուալա Լումպուրում հանդիպեցին Ռուբիոն և ԼավրովըԹրամփը հայտարարել է՝ քննարկում է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հարցըԿիևին հավելյալ զենք ուղարկելու Թրամփի որոշումից մեկ օր անց Ռուսաստանը զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի վրաԹրամփ-Պուտին զրույցից հետո ռուսները ԱԹՍ-ներով ու հրթիռներով լայնածավալ հարձակում են գործել Կիևի և այլ քաղաքների վրաՄոսկվան հայտարարել է, թե կարևոր է, որ Քելլոգը շարունակի իր միջնորդական ջանքերը ռուս - ուկրաինական կարգավորման գործում: Կրեմլի խոսնակն ասել է, որ Մոսկվան պատրաստ է ռուս - ուկրաինական բանակցությունների երրորդ փուլին, և դեռ սպասում են Կիևի պատասխանին: Դմիտրի Պեսկովը նաև ասել է, թե անկախ նրանից, թե ով է վճարում, փաստն այն է, որ ամերիկյան սպառազինության մատակարարումն Ուկրաինա շարունակվում է:
«Հիմա ստացվում է, որ մատակարարումների համար կվճարի Եվրոպան … իսկ մի մասի համար՝ ոչ, բայց փաստն այն է, որ զենքի, զինամթերքի և ռազմական տեխնիկայի մատակարարումն Ուկրաինա Միացյալ Նահանգներից շարունակվել և շարունակվում է», - նշել է Պեսկովը:
Մինչ ԱՄՆ-ը հայտարարում է Ուկրաինային հավելյալ զենք մատակարարելու մասին, Ֆրանսիան, որն ակտիվ դեր է խաղացել Ուկրաինային աջակցության եվրոպական ջանքերի համակարգման գործում, հայտարարել է, որ զգալիորեն կավելացնի պաշտպանական ծախսերը: Մասնավորապես՝ մինչև 2030-ը այն կհասցնի 67 միլիարդ եվրոյի՝ կրկնակի ավելի, քան 2017 թվականին։
Նախագահ Էմանյուել Մակրոնը, ելույթ ունենալով ֆրանսիացի զինվորականների առջև, հայտարարել է, որ Եվրոպան բախվում է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենալուրջ սպառնալիքին, երբ կրկին օրակարգում են իմպերիալիստական քաղաքականությունը, տարածքների բռնակցումը և «ուժն է ծնում իրավունք» սկզբունքը: Սակայն Ֆրանսիան պետք է մնա ազատ և իր ճակատագրի տերը, ասել է նա:
«Եկեք պարզ լինենք. այս աշխարհում ազատ լինելու համար քեզանից պետք է վախենան։ Որպեսզի քեզանից վախենան, դու պետք է հզոր լինես: Դրա համար պետությունը պետք է ավելի ուժեղ լինի, քանի որ պետության գործը, առաջին հերթին, իր ժողովրդին պաշտպանելն է», - ընդգծել է Մակրոնը:
Իսկ այս ընթացքում իրավիճակը ճակատում մնում է լարված: Ռուսական զինուժը հայտնել է, որ ևս երկու բնակավայր է գրավել Ուկրաինայի արևելքում: Ռուսական կողմը նաև շարունակում է անօդաչուներով հարվածները ուկրաինական բնակավայրերին: Դոնեցկում կա երկու զոհ, Սումիում էլ կա մեկ զոհ, վեց վիրավոր, վնասվել են ուսումնական հաստատություն և հիվանդանոց: Խարկովում կա մեկ զոհ, յոթ վիրավոր, տուժածներ կան նաև Դնեպրոպետրովսկում և Խերսոնում:
Ռուսաստանն, իր հերթին, հայտարարել է, որ ուկրաինական անօդաչուները ևս հարվածել են, այդ թվում՝ Զապորոժիեի ատոմակայանի ուսումնական կետրոնին: Պատճառված վնասը, սակայն, լուրջ չէ: